
2025-06-12
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերություններում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել, և կա համագործակցության մեծ ակտիվություն տարբեր ոլորտներում՝ պաշտպանություն, ռազմական արդյունաբերություն, տեխնոլոգիական ոլորտ, լոգիստիկա, կրթություն, զբոսաշրջություն։
«Արմենպրես»-ի
փոխանցմամբ՝ Հակոբ Արշակյանը այս մասին խոսել է APRI-2025 «Կայունություն գտնելը անկայուն
աշխարհում» խորագրով համաժողովում։
«Մենք կարող
ենք դառնալ դարպաս, որը Հնդկաստանը կապում է Եվրոպայի հետ Իրանի, Վրաստանի և Սև ծովի
միջոցով։ Այս համատեքստում կցանկանայի նշել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որով
մեր հնդիկ գործընկերները շատ հետաքրքրված են։ Սա կարող է լավ հարթակ լինել, սակայն
աշխարհում տարբեր հակամարտությունների պատճառով կան բազմաթիվ սահմանափակումներ։ «Եթե
«Խաղաղության խաչմերուկը» հիմա գործեր, միլիարդավոր դոլարներ կհոսեին Հայաստանի ճանապարհներով
և երկաթուղիներով, ինչը նաև բարգավաճում և կայունություն կբերի մեր տարածաշրջանին»,
- ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակը։
Ինչ վերաբերում
է հայ-հնդկական հարաբերություններին, Արշակյանը հավելեց, որ հնդիկ գործընկերները հետաքրքրված
են Հայաստանով, մեր երկրում կրթության հնարավորություններով։
«Մենք արդեն
ունենք Հնդկաստանից 3000 ուսանող, որոնք այստեղ են սովորում, չնայած այս թիվը կարող
է ավելի մեծ լինել։ Եվ այստեղ կարողությունների զարգացումը և ընդլայնումը կարևոր է,
երբ խոսքը գնում է այդքան մեծ երկրի հետ համագործակցության մասին։ Եթե խոսենք ներուժի
մասին, ապա, ինչպես գիտեք, այստեղ կառուցվում է ակադեմիական քաղաք, որը կարող է զարգացնել
նման հնարավորություններ», - նշեց Արշակյանը։
Նրա խոսքով՝ հայկական կողմը իր հնդիկ գործընկերների հետ քննարկում է նաև տեխնիկական, տնտեսական և լոգիստիկ գործընկերության հետ կապված հարցեր։ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը հույս հայտնեց, որ վերը նշվածի համատեքստում Երևանի և Նյու Դելիի միջև նման կապ ստեղծելու ջանքերը հաջողությամբ կպսակվեն։
ge.armradio.am