
2026-03-16
ԵՄ-ն վճռականորեն հանձնառու է ամրապնդել իր համագործակցությունը Հայաստանի
հետ։ Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի և միգրացիայի հարցերով
հանձնակատար Մագնուս Բրունները «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում։
«Իմ առաջին այցը Հայաստան, և վստահ եմ՝ ոչ վերջինը, տեղի է ունենում
2026 թվականի մայիսին նախատեսված Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովից առաջ։ Սա ընդգծում
է ԵՄ-ի վճռականությունը ամրապնդելու համագործակցությունը Հայաստանի հետ և վերահաստատում
մեր հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և տարածաշրջանային
համագործակցության խթանմանը։ Դրա կարևոր բաղադրիչներից մեկը Հայաստանի և Ադրբեջանի
միջև խաղաղության գործընթացում գրանցված առաջընթացն է։ ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցել
այս ջանքերին, այդ թվում՝ ներդրումներ կատարելով տարածաշրջանային կապերում՝ համաձայն
Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության», - ասել է Բրունները։
Համագործակցությունը զարգանում է նաև գործնական տնտեսական ոլորտներում։
ԵՄ-ն և Հայաստանը համաձայնել են 270 միլիոն եվրո տրամադրել իրականացվող աճի ծրագրին
աջակցելու համար, որը աջակցում է բարեփոխումներին և նպաստում է Հայաստանի տնտեսության
և կայունության ամրապնդմանը։
«Գլոբալ դարպասի նախաձեռնության շրջանակներում մենք նաև ուսումնասիրում
ենք լրացուցիչ ներդրումային հնարավորություններ տարածաշրջանային կապի, տնտեսական դիվերսիֆիկացիայի,
թվային և կանաչ վերափոխումների, էներգետիկ անվտանգության և կլիմայական համագործակցության
ոլորտներում։ Միևնույն ժամանակ, մենք աշխատում ենք ընդլայնել Հայաստանի առևտրային հնարավորությունները
և օգնել հայկական բիզնեսներին ավելի լավ օգտվել մոտ 450 միլիոն սպառող ունեցող ԵՄ շուկա
մուտք գործելուց։ Սա կարող է նոր հնարավորություններ բացել հայկական արտահանման, ներդրումների
և տնտեսական աճի համար», - ընդգծեց եվրահանձնակատարը։
ge.armradio.am