News

Կուլևիում կգործարկվի ժամանակակից նավթավերամշակման գործարան

2025-04-29

Սուփսայի շրջանում՝ Կուլևի տերմինալի կողքին, առաջին խոշոր ժամանակակից նավթավերամշակման գործարանի գործարկումը լրջորեն կփոխի Վրաստանում նավթամթերքի մատակարարման կառուցվածքը և գնագոյացումը։ - Այս մասին հայտարարել է ալբանական «Energo Trade» ընկերության Կենտրոնական Ասիա-Կովկասի ստորաբաժանման գլխավոր գործընկեր Փարվիզ Մամեդովը`  hաղորդում է Trend-ը։ Մամեդովի խոսքով, չնայած սեփականատերերի կողմից գարնանը գործարանի հնարավոր գործարկման մասին հայտարարություններին, դրա գործարկումը սպասվում է տարեվերջին։

Վրաստանը տարեկան սպառում է մոտավորապես 650-670 հազար տոննա բենզին, 620-650 հազար տոննա դիզելային վառելիք և մինչև 150 հազար տոննա ավիացիոն վառելիք, և նոր գործարանի գործարկումը, ըստ Մամեդովի, էապես կփոխի այդ ցուցանիշները, հիմնականում՝ ներքին վերամշակման ուղղությամբ։

Կուլևիի ազատ արդյունաբերական գոտում նավթավերամշակման գործարանի նախագիծը մշակում է «Բլեք Սի Փեթրոլիում» ընկերությունը, և փետրվարի 20-ի դրությամբ նախագծին ավելացել է նոր ներդրող՝ «Դունամիս» ընկերությունը, որը ձեռք է բերել «Բլեք Սի Փեթրոլիում»-ի 29.3% բաժնեմասը։

Ծրագրի ընդհանուր ներդրումային ծավալը կազմում է 700 միլիոն դոլար։ Առաջին փուլում գործարանը տարեկան կմշակի 1.2 միլիոն տոննա հում նավթ, իսկ ապագայում հզորությունը կավելանա մինչև 4 միլիոն տոննա։

Կուլևիում խոշոր ձեռնարկության կառուցումը նախատեսված էր դեռևս 2012 թվականին, երբ Վրաստանի այն ժամանակվա կառավարության և ադրբեջանական պետական ​​նավթային ընկերության՝ SOCAR-ի միջև ստորագրվեց ներդրումային համաձայնագիր։ Սակայն այդ ժամանակ նախագիծը չկարողացավ իրականություն դառնալ, այդ պատճառով կառավարությունը փոխարինեց ներդրողին։

Տեղեկատվություն՝ commersant.ge