
2025-04-22
Ապրիլի 21-ին,
Բանգկոկում կայացած ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական
հանձնաժողովի (UNESCAP) 81-րդ նստաշրջանի ընթացքում, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար
Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթ է ունեցել «Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում
ներառական և կայուն զարգացման համար արդիական և զարգացող քաղաքականության հարցեր» խորագրով
ընդհանուր քննարկմանը։
Իր ելույթում
արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշեց, որ հանդիպումը լավ հնարավորություն
է կարծիքներ փոխանակելու Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման ուղղությամբ
արձանագրված առաջընթացի, առկա մարտահրավերների և ապագա քայլերի վերաբերյալ։
Արտաքին գործերի
նախարարի տեղակալը կարևորեց Հայաստանի և UNESCAP-ի միջև հաստատված համագործակցությունը
կանաչ տնտեսության խթանման, շրջակա միջավայրի պաշտպանության, մարդկային կապիտալի զարգացման
և կապակցվածության ոլորտներում։
Նա հատկապես
կարևորեց 2026 թվականի COP17 կենսաբազմազանության համաժողովի անցկացումը Երևանում՝
որպես կենսաբազմազանության և կլիմայի փոփոխության հարցերով համագործակցության կարևոր
հարթակ։ Ընդգծվեց, որ Հայաստանը՝ որպես համաժողովի հյուրընկալող երկիր, որդեգրել է
ներառական մոտեցում՝ քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների
և բոլոր մյուս շահագրգիռ կողմերի ներգրավվածությունն ապահովելու համար։
Հայաստանի կողմից ընդունված խաղաղության օրակարգի վերաբերյալ փոխարտգործնախարարը մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը և ընդգծեց դրա ներուժը՝ որպես տնտեսական կապակցվածության ապահովման և խաղաղության հաստատման կարևոր երաշխիք՝ թե՛ Հարավային Կովկասում, թե՛ դրանից դուրս։
ge.armradio.am