
2026-10-17
Ֆրանսիա-Վրաստան
տնտեսական գործընկերություն
Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Կուրտոն
Business Insider Georgia-ի հետ զրուցում է երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների
դինամիկայի և համագործակցության ապագա հեռանկարների մասին: Նրա խոսքով՝ 2025 թվականին
երկկողմ առևտրաշրջանառությունը կազմել է 313 միլիոն եվրո, չնայած ֆրանսիական նոր ներդրումների
ներգրավումը շարունակում է մնալ մարտահրավեր: Դեսպանը Վրաստանի նկատմամբ ֆրանսիական
ընկերությունների հետաքրքրությունը բացատրում է Վրաստանի ռազմավարական դիրքով և Միջին
միջանցքի ներուժով, չնայած նշում է, որ մի շարք ընկերություններ սպասողական վիճակում
են ներդրումային որոշումներ կայացնելիս: Համագործակցության կարևոր ոլորտներ են նշվում
տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքները, էներգետիկան, ջրամատակարարումը, թափոնների
կառավարումը և գյուղատնտեսությունը: Հարցազրույցում նաև քննարկվում է ֆրանսիական ընկերությունների
հնարավոր մասնակցությունը Վազիանի օդանավակայանին, Վրացական երկաթուղու հզորությունների
ընդլայնմանը և Սև ծովի ստորջրյա մալուխային նախագծերին: Դեսպանի խոսքով՝ գործարար միջավայրի
նկատմամբ վստահության ամրապնդումը և երկրների միջև համագործակցության զարգացումը կնպաստեն
տնտեսական գործընկերության խորացմանը:
Վրաստան-Ուզբեկստան
առևտրային հարաբերություններ
Վրաստանը և Ուզբեկստանը քննարկել են առևտրատնտեսական
հարաբերությունների խորացման և ներդրումների խթանման հարցերը Տնտեսական համագործակցության
միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստում: Կողմերը որպես առաջնահերթություն նշել
են երկրների միջև առևտրի աճը և մոտ ապագայում առևտրաշրջանառության ծավալի 1 միլիարդ
դոլարի հասցնելը, հատուկ ուշադրություն դարձնելով տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտին,
այդ թվում՝ Անակլիայի խորջրյա նավահանգստի դերին և Միջին միջանցքի զարգացմանը:
Սևծովյան
նավերի ապահովագրությունը թանգացել է
Սև ծովում նավթատար նավերի ապահովագրության
արժեքը 200,000 դոլարից բարձրացել է մինչև 2.5 միլիոն դոլար, ինչը մեծացնում է նավթի
փոխադրման ծախսերի և վառելիքի գների վրա ճնշումը: Գնի բարձրացումը կապված է ծովային
անվտանգության ռիսկերի աճի հետ: Հոկտեմբերի 6-ին Բուլղարիայի բացառիկ տնտեսական գոտում
հարձակումների հետևանքով մեկ նավ խորտակվեց, իսկ մյուսը վնասվեց: Բացի այդ, նավերի
ապահովագրության վճարները երկու շաբաթվա ընթացքում իրենց արժեքի 0.1%-ից բարձրացել
են մինչև 0.5% և կարող են հասնել 1%-ի:
Վրաստանը՝ Միջին միջանցքի զարգացման
մասին
Վրաստանը
պատրաստ է համագործակցել Ղազախստանի և այլ գործընկերների հետ, որպեսզի Միջին միջանցքը
գործի որպես միասնական, արդյունավետ և մրցունակ տրանսպորտային համակարգ: Այս մասին
Աստանայում Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու անդամ պետությունների տրանսպորտի
նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար
Թամար Իոսելիանին: Նրա խոսքով, միջանցքի ներուժը լիարժեքորեն իրացնելու համար կարևոր
է համակարգել ենթակառուցվածքային ներդրումները, բարելավել հզորությունները և ամրապնդել
երկրների միջև համագործակցությունը, ինչը կնպաստի տարածաշրջանային առևտրին և կներգրավի
ներդրումներ:
Նախիջևանում շարունակվում է երկաթուղու
վերակառուցումը
Ադրբեջանը
շարունակում է վերակառուցել Նախիջևանի 194 կմ երկարությամբ երկաթուղային գիծը, մինչդեռ
Հայաստանը քննարկում է Նախիջևանի սահմանի երկայնքով երկաթուղու վերականգնումը և Կապանի
ու Մեղրիի հետ կապի զարգացումը: Բացի այդ, Հայաստանի կառավարությունը ստեղծել է աշխատանքային
խումբ՝ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության հետ 30-ամյա կոնցեսիոն պայմանագրի պայմանները
վերանայելու համար, որը կապված է նաև երկրի երկաթուղային ենթակառուցվածքների վիճակի
հետ:
Փոթի նավահանգստի ընդլայնումը սպասում
է որոշման
Փոթի
նավահանգստի 300 միլիոն դոլար արժողությամբ ընդլայնման նախագծի տեխնիկական հարցերը
գրեթե համաձայնեցված են, սակայն վերջնական որոշում դեռևս չի կայացվել: APM
Terminals Poti-ի վարչակազմի ղեկավար Զվիադ Չխարտիշվիլիի խոսքով՝ տարեվերջին Էկոնոմիկայի
նախարարության հետ բանակցությունները կվերսկսվեն: Զուգահեռաբար, մաքսային և սահմանային
ընթացակարգերի կրճատման աշխատանքները ծառայում են նավահանգստի թողունակության ավելացմանը:
TRACECA-ն և Բուլղարիան զարգացնում
են Սև ծովի լոգիստիկ կապերը
Հոկտեմբերի
5-6-ը TRACECA-ի գլխավոր քարտուղար Ջասուրբեկ Չորիևը հանդիպեց Բուլղարիայի տրանսպորտի
և կապի նախարար Գիորգի Պեևի և Սոֆիայի, Բուրգասի և Վառնայի համապատասխան գերատեսչությունների
ղեկավարների հետ: Հանդիպումների ժամանակ քննարկվեցին Վառնայի և Բուրգասի խորջրյա նավահանգիստների
արդիականացումը, Թուրքիա տանող ճանապարհային և երկաթուղային ենթակառուցվածքների հզորության
կրկնապատկումը, թույլտվությունների քվոտաները, թվայնացումը և Վառնայի լաստանավային
կապի զարգացումը:
TRACECA.GE
Աղբյուրներ՝
businessinsider.ge / businessinsider.ge
commersant.ge / businessinsider.ge
commersant.ge / bm.ge / traceca-org.org