
2025-06-25
Թուրքիան ակտիվորեն
մշակում է ցամաքային և ծովային լոգիստիկ երթուղիներ՝ Պարսից ծոցի երկրներից նավթի և
գազի արտահանման հիմնական տրանսպորտային զարկերակի՝ Հորմուզի նեղուցի հնարավոր փակման
ռիսկերը նվազագույնի հասցնելու համար։
Այս մասին
«Հյուրիեթ» թերթին տված հարցազրույցում ասել է երկրի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր
Ուրալօղլուն։
«Մեզ անհրաժեշտ
են հուսալի այլընտրանքներ նեղուցի փակման դեպքում, ուստի մենք կակտիվացնենք «Զարգացման
ճանապարհ» և «Միջին միջանցք» նախագծերի իրականացումը», - ասել է նախարարը։
Նրա խոսքով՝
«Զարգացման ճանապարհի» կամ Պարսից ծոց-Իրաք-Սիրիա-Թուրքիա ցամաքային երթուղու 2,1 հազար կմ-ը անցնում է Թուրքիայի տարածքով,
որում նախատեսվում է մոտավորապես 24 միլիարդ դոլարի ներդրում։ ,Զուգահեռաբար կամրապնդվի Տրանսկասպյան
միջազգային տրանսպորտային երթուղին կամ Միջին միջանցքը, որից 2,2 հազար կմ-ը նույնպես անցնում է Թուրքիայի
տարածքով։ Այս երթուղու հիմնական հատվածների կառուցումն արդեն ավարտվել է։
Ուրալօղլուն
ակնկալում է, որ երկու նախագծերի լիարժեք շահագործման հանձնելուց հետո «Զարգացման ճանապարհ»
երթուղով Եվրոպա ապրանքներ մատակարարելու ժամանակը կկրճատվի մինչև 25 օր, իսկ Միջին
միջանցքով՝ մինչև ռեկորդային 13 օր։
Ի տեղեկություն. Անդրկասպյան
միջազգային տրանսպորտային երթուղին կամ Միջին միջանցքը անցնում է Կասպից ծովով և կապում
է Չինաստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան և եվրոպական երկրները։
2024 թվականին Չինաստանից Միջին միջանցքով փոխադրվող ապրանքների ծավալը 2023 թվականի
համեմատ աճել է 25 անգամ և գերազանցել 27 հազար կոնտեյները։
Ինչ վերաբերում
է «զարգացման ճանապարհին», ապա 2024 թվականի ապրիլին չորս մուսուլմանական երկրներ՝
Իրաքը, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Կատարը, ստորագրել են «Իրաքի
զարգացման ճանապարհ» նախագիծը։ Այն նախատեսում է ավելի քան 1200 կմ երկաթուղիների և
մայրուղիների արդիականացում և կառուցում՝ ստեղծելով ցամաքային ճանապարհ Եվրոպայի և
Ասիայի միջև և հնարավոր է՝ դառնալով նոր «Մետաքսի ճանապարհ»։
Այս առևտրային
միջանցքը կսկսվի Պարսից ծոցի Ալ-Ֆաո խոշոր նավահանգստից և կավարտվի Տիգրիս գետի վրա
գտնվող Ֆիշ-Խաբուր Իրաք-Թուրքիա սահմանային անցակետում։ Նախագիծը ավելի քան 2300 կմ
երկարություն ունի, որից 1175 կմ-ը՝ երկաթուղային, իսկ 1190 կմ-ը՝ ճանապարհային։
Նախագծի գնահատված
արժեքը կազմում է 17 միլիարդ դոլար, որից 10 միլիարդ դոլարը կծախսվի բեռների, ապրանքների
և ուղևորների փոխադրման համար նախատեսված արագընթաց էլեկտրական գնացքների ձեռքբերման
վրա, իսկ մնացածը՝ երկաթուղիների և ճանապարհների ընդլայնման վրա։ Ներդրումների զգալի
մասը կկատարեն Պարսից ծոցի միապետությունները։ Շինարարությունը նախատեսվում է ավարտել
2029 թվականին։
Տեղեկատվություն՝
bpn.ge